Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը դիմել է քարտուղարին և ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ հայ 62 ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա կարծիքով՝ այս կերպ մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա։ Ըստ պատգամավորի՝ սրա մասին շուտ պետք էր մտածել, որպեսզի պատերազմից հետո բացառեինք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։
«Որքանով տեղյակ եմ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ռազմագերիներն ինչպես են հայտնվել Ադրբեջանում։ Ռազմագերիներին ներկայացնել որպես դիվերսանտներ՝ դեմ է մարդու իրավունքներին»,- նշեց Սամսոնյանը։
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը և սպասվող ակնկալիքներին՝ Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ երևույթին քննարկվելու է երկու՝ ռազմագերիների և եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։ ԼՀԿ-ական պատգամավորն այս հարցերի շուրջ մտահոգություններ ունի։
«Բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, որն այս ընթացքում ծաղրանքի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող է ստեղծել՝ բանակցություններում հայանպաստ լուծումներ ձևակերպելու շուրջ։ Երկիրը ներկայացնող անձն այս ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է բազմաթիվ ծաղրանքների և համարվում է պարտության խորհրդանիշ՝ չի կարող հավասարակշռված բանակցություններ վարել»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: