«Ժողովուրդ»-ը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ 5 օրից կլրանա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մեկ տարին, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու նա գնաց այդ ծայրահեղ քայլին, այդպես էլ չունեցավ իր պատասխանը»:
«Հրապարակ»- ը գրում է․ ««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին և Գոռ Գևորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։ Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գևորգյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձև է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված, «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում»։
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով․ իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա»:
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը, ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է, իսկ խորհրդատվության կարիք չունի, քանի որ ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել»,- ասաց ԱԽ մեր աղբյուրը»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում: Ինչու՞ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Կրկին, որովհետև նախորդ տարվա հուլիսին դարձյալ սակագինը բարձրացել էր խոշոր սպառողի համար: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի պարզաբանումների՝ գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է»։