Ամեն ինչ այնքան բացահայտ ու պարզ էր, որ անգամ մասնագիտական գիտելիքներ պետք չեն տեղի ունեցածը մեկնաբանելու համար: Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հատնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինան-Ալիև հանդիպմանն ու ընդունված հայտարարությանը:
«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երեկ: Ադրբեջանի համար մեծ նշանակություն ուներ կոմունիկացիաների բացման հարցը, և Ադրբեջանը ստացավ իր ուզածը: Ադրբեջանին պետք էր, որ Մեղրիի միջոցով կապվի Նախիջևանի հետ, Նախիջևանի միջոցով էլ կապվի Թուրքիայի հետ և իր տնտեսական ու ռազմաքաղաքական հարցերը լուծի: Ռուսաստանը ևս շահում է նշվածից, որովհետև ավելի ձեռնտու է ապրանքները բերել Հայաստան ոչ թե Վերին Լարսի ճանապարհով, այլ գնացքով: Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը նաև ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հարցեր են լուծում ոչ թե Մինսկի խմբի համանախագահող երկրները կամ Թուրքիան, այլ Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահ ուներ, որին հասավ: Իսկ Հայաստանըը ռազմագերիների հարց ուներ: Թեպետ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը թիվ մեկ հարցն է, բայց գնաց այնտեղ ու ոչ մի հարց չկարողացավ լուծել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ սա էր այն , ինչ տեղի ունեցավ երեկ:
«Եվ այսպես լինելու է միշտ, քանի դեռ գործող վարչապետը շարունակում է պաշտոնավարել: Երկիրն իր ղեկավարությամբ այլևս հաջողություն չի կարող ունենալ, իսկ եթե հաջողություն չի կարող ունենալ, նման հոգեբանությամբ մենք միշտ զիջելու ենք: Ադրբեջանը շատ արագացված տեմպերով է օգտվում այս իրավիճակից, ու շատ արագ կերպով կարողանում է լուծել այդ տնտեսական հարցերը: Ինչպես տեսաք, փոխվարչապետների մակարդակով ստեղծվելու է հանձնաժողով, որը շատ կարճ ժամանակահատվածում պետք է որոշակի աշխատանքներ կատարի՝ կապված տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերի հետ: Եվ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնեն այդ հարցերը փոխվարչապետներին, կառավարությունները հաստատեն, և տեղի ունենա ապաշրջափակում: Այսինքն, Ադրբեջանն արագացված կերպով է ցանկանում հասնել իր նպատակին: Երևի ենթադրում են, որ ՀՀ վարչապետը կարող է երկար չմնալ իր պաշտոնին, իսկ այդ պայմանագրերն իրեն շատ շուտ են պետք»,-ասաց նա:
Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նա շեշտեց.
«Դա հայտարարություն էր Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի վերաբերյալ, որտեղ Հայաստանի շահ չկար»:
Արմեն Բադալանն անդրադարձավ այն թեզերին, ըստ որոնց՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումից Հայաստանի տնտեսությունը շահում է:
«Իշխանության կողմնակիցներն են տանում այդ թեզը, որն իրականության հետ աղերս չունի, որովհետև Հայաստանը չունի այն հզոր տնտեսությունը, որ կարողանա մեծ չափով ապրանքներ արտահանել Ռուսաստան, ինչն էլ իր հերթին ներդրումներ կբերի: Միայն ապաշրջափակումը քիչ է, դրա համար Հայաստանում ներդրումներ պետք է լինեն»,-եզրափակեց Ա. Բադալյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։