Մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձի խնդրին։ Վարչապետը երկու անգամ ասուլիսում շեշտեց այդ խնդրի կարևորությունը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը:
«Գերիների վերադարձն առաջնային հարց է, բոլոր ջանքերը բոլոր հարթակներում պետք է գործադրվեն այն լուծելու համար։ Այդ ուղղությամբ աշխատանքները մեզ համար առաջնահերթություն են, որոնց ներգրավված են և՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ։ Հունվարի 11-ի հայտարարությունը մտադրության մասին է, որի հետ կապված՝ վարչապետը նախապես նշել էր, որ եթե գերիների հարցը չլուծվի, դրա իրագործման մեխանիզմները բազմաթիվ դժվարություններ են առաջացնելու»,- նշեց Մակունցը և շեշտեց, որ գերիների հարցը ոչ ոք չպետք է շահարկի։
Նա չի կարծում, թե Մոսկվայում բանակցություններն ընթացել են ադրբեջանական կողմի օրակարգով։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։