Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է Հայաստան, որը լավ հնարավորություն է գնահատելու երկկողմ օրակարգը և նոր թափ հաղորդելու երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին:
Նշենք, որ նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Ինչպես նշում է աղբյուրը, վերոնշյալ որոշումը Նիդերլանդների՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների աջակցության հստակ ազդակն է:
Անկախությունից ի վեր Նիդերլանդների կառավարությունն աջակցել է Հայաստանում կյանքի կոչվող զարգացման ծրագրերին:
Համաձայն աղբյուրի՝ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: 2019թ. դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սենատը նույնպես վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է թագավորի հաստատմանը։
2019թ. հոկտեմբերին կազմավորվել է Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը, որում ներգրավված են քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչներ: Շրջանակը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:
ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդները հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: