ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց վերաբերյալ օրենքի նախագիծը: Այսօրվա նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
4) անչափահասի ներգրավմամբ,
5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշենք, որ այս նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում վեճ բռնկվեց «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև:
Ազգային ժողովում ծագած վեճի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 4 պատգամավորի՝ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կարգապահապական միջոցներ կիրառեց՝ զրկելով նրանց մինչև այս օրվա ավարտը նիստերին դահլիճում ներկա լինելու իրավունքից: