ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուվարի 21-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:
Համաձայն գործող օրենքի՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթը վերապահված էր միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով առաջարկվում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր:
Նշենք, որ Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: