«ՏԱՍՍ»-ում շրջանառվող տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից եղել է ոչ պաշտոնական հրավեր «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությանը՝ ժամանել Հայաստան կարգավորելու զենքի մատակարարման տենդերի տապալման հարցը, իրականությանը չի համապատասխանում։
Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի լրագրողի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընկերության ներկայացուցիչների կողմից արված ցանկացած հայտարարություն մեկնաբանության կարիք չունի։ Այլ մեկնաբանություններ տալուց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ «ՏԱՍՍ»-ն այսօր առավոտյան հոդված էր հրապարակվել, ըստ որի «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը ՀՀ ՊՆ-ից ստացել է ոչ պաշտոնական առաջարկներ ՝ կարգավորելու հայկական կողմին զենքի մատակարարման չկայացած պայմանագրի հետ կապված հարցերը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ORSIS-ի ներկայացուցիչը։ «Եղել են նաև ՊՆ-ին մոտ կանգնած մարդկանցից ոչ պաշտոնական դիմումներ ստանալու փորձեր։ Կարծում ենք, որ տվյալ դեպքում դա կոռեկտ չէ և անթույլատրելի է, երկխոսությունը պետք է պաշտոնական լինի»,- գործակալությանն ասել է ռուսական ընկերության ներկայացուցիչը: