Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արթուր. Սարգսյանի («ՀԱՑ ԲԵՐՈՂ») մահվան հանգամանքներին:
Գրառման մեջ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ժամանակին իրեն ուղղվող մեղադրանքներին և ընդգծել, որ ինքը որևէ կապ չի ունեցել Արթուր Սարգսյանի կալանավորման ու մահվան հետ:
Նա նշել է, որ Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո կապի մեջ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իրենց կողմից կատարվել է հնարավոր ամեն բան Արթուր Սարգսյանի առողջական խնդիրներին արագ արձագանքելու տեսակետից.
Արփինե Հովհաննիսյանն անդրադառնում է նաև Արթուր Սարգսյանի հետ կապված հաջորդող իրադարձություններին՝ ազատ արձակում, դատաբժշկական փորձաքննություն:
Գրառման մեջ առանձին անդրադարձ է կատարվում նաև կրկնակի փորձաքննությանը և մի շարք հարցեր է բարձրացնում.
«2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:
ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:
2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:
2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:
ՀԱՐՑ՝ ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞»: