Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նիստի արդյունքում ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը, ինչպես նաև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։
Նիստի շրջանակներում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։
Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։