ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կալիֆորնիայում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ։
«Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը բացի հանրահավաքային դատարկ ելույթներ ունենալուց ու մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ բանի ունակ չէ։ Ինքն այդպես էլ չի հասկացել, թե ինչ կարգավիճակում է հայտնվել։
Դատարկաբանությունն ու ամբոխավարությունն արդեն ամբողջ աշխարհի առաջ են տեղի ունենում՝ Լոս Անջելոսից մինչև Երևան, Ստեփանակերտից մինչև Սոչի։
Էժանագին էմոցիաներ փախցնելը և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը»,- գրել է Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով 1988թ. առաջ եղած ստատուս քվոն վերականգնելու Փաշինյանի հայտարարությանը, Լևոն Քոչարյանը նշել է, որ դա «նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։
1998–ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»։
Հիշեցնենք, որ Լոս-Անջելեսում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձի և նրա որդու՝ ակտիվ քաղաքական պայքարի փուլ մտնելու հայտարարության մասին, ասել է.
«Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ։ Այո՛, շատ մեծ վտանգ է, եթե դա նկատի ունեն. իրենց հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն․․․հույս ունեմ։ Փաստորեն, մինչև հիմա բավականին մեծ միջոցների տիրապետում են։ Ասել եմ՝ կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձնելու ենք։ Էդ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 1998-ից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին։ Էդ վունդերքինդնե՞ր են։ Հիմա ինչի՞ չեն աշխատում էդ միլիոնները։ Մե՞նք ենք խանգարում։ Խանգարում ենք՝ թող գնան արտերկրում աշխատեն։ Վերադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ։ Ստատուս-քվոն պետք է վերադառնա 1998 թվից առաջ. ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը։ Ակտիվ քաղաքականության են վերադառնում․․․ուր ուզում եք՝ վերադարձեք․․․ մինչև վերջին կոպեկը վճարելու են»: