ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր՝ ժամը 14:00-ին, կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին
հայտնել է Հայրենիքի փրկության շարժումը։
«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում արված հայտարարություններում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել Քրեական օրենսգրքի 301.1-րդ (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով) հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները։