Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ։ Այս մասին հայտնում են USAID-ի երևանյան գրասենյակից։
Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։
Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։
«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված Հայաստանի հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու հաշվեքննիչ պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր, – նշեց Միացյալ Նահանգների Գլխավոր Հաշվեքննող Ջին Դոդարոն:
Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ Կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն ՀՀ հաշվեքննիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ կառավարության՝ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը: