Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներին ադրբեջանցիները մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն արդեն եկել և իրենց դիրքն են դրել:
«Ամեն ինչ վերջացավ, ադրբեջանցիները եկան: Մարդ անցավ՝ իրենցն է, անասուն անցավ՝ իրեցն է: Սա խայտառակություն է: Ամեն ինչ անտերության է մատնված»,- մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մինչև հունվարի 2-ը շուռնուխցիներին ժամանակ էին տվել: Գյուղապետը հորդորել էր զենք վերցնել և գյուղը պաշտպանել: Շուռնուխի կեսը՝ մեկ տասնյակից ավելի տներ, անցնում են ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Շուռնուխի բնակիչները փակել էին Գորիս-Կապան մայրուղին, քանի որ ադրբեջանցիներն իրենց ժամանակ էին տվել 1 օրում ազատել տները: Ադրբեջանցիները նշել էին, որ դեռևս 10-ն օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին, սակայն բնակիչները պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հայտնել։
Նրանք փակել էին մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10-ն օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։
Նշենք նաև, որ Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են կատարվում: