Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում մեկնարկել է«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ:
Հանդիպումից առաջ Վ. Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացուցիչները դեռ չեն հասել հանդիպմանը, քանի որ իրենց այցը խոչընդոտվել է:
«Ճանապարհը փակել էին, մեր մեքենաները հիմա այնտեղ են, բայց ես կարողացա անցնել ու եկա այստեղ: Համոզված եմ՝ «Իմ քայլն» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»,-ասաց Վ. Մանուկյանը:
Իսկ արդեն հանդիպման սկզբում, դիմելով ներկաներին, նա ասաց.
«Ներողություն եմ խնդրում: Մեր ներկայացուցիչներն ուշանում են, որովհետև ոմն մարդիկ, որոնք իրենց գյումրեցի են անվանում, մի 15-20 մեքենայով ճանապարհը փակել էին ու խոչընդոտում էին, որ մենք գանք այստեղ: Ես համոզված եմ, որ իրենց փող էին բաժանել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հիշեցնենք նաև, որ ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: