Կարծում եմ՝ Հայաստանում չկա անձ, ով չի գիտակցում նոր կորոնավիրուսայի վարակի լրջությունը, վարակի առանձնահատկությունները։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրուցում ասաց Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը։
Սարգսյանցը նշեց, որ վիրուսը թափակցում է շնչուղիների միջոցով, այն կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են շնչուղիների մակերեսին։
«Այն անձինք, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվում է, ախտանիշներ են ունենում, 40 % դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40 % դեպքերում՝ թոքաբորբով, իսկ մնացած 20 %-ից 15 %-ը ծանր թոքաբորբ է, առաջանում է թթվածնային քաղց, իսկ 5 %-ը ծայրահեղ ծանր դեպքերն են։ Այս հիվանդության պատճառով խանգարվում է նաև զանազան օրգանների արյան մատակարարումը, զարգանում են տրոմբեր, ինչը բերում է սրտի, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների՝ զարգանում են ինսուլտներ»,- ասաց համաճարակաբանը։
Սարգսյանցը խորհուրդ տվեց, որ պետք է վստահել բժշկին, պահպանել բոլոր ցուցումները և մտածել հանրային առողջության մասին։