Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս է ունեցել՝ ներկայացնելու համար առողջապահական համակարգի կատարած աշխատանքները նոր կորոնավիրուսը հաղթահարելու ուղղությամբ եւ պատասխանելու լրագրողների հարցերին։
Նախ, ներկայացնելով առողջապահական համակարգի ընթացիկ աշխատանքները, Թորոսյանն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միացող հիվանդանոցների շնորհիվ շարունակվում է համալրվել մահճակալային ֆոնդը՝ հնարավոր դարձնելով բժշկական պայմաններում քաղաքացիների խնամքը։
Այնուհետեւ, լրագրողների հարցին ի պատասխան, առողջապահության նախարարն անդրադարձել է կրկնակի վարակվածության թեմային՝ շեշտելով, որ Հայաստանում չկան կրկնակի վարակվածության դեպքեր։
«Ընդհանրապես կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ, եւ քանի որ այս հարցի պատասխանը միջազգային, հետազոտական աշխատանքների շրջանակում եւս տրված չէ, մենք նաեւ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,- ասել է Արսեն Թորոսյանը։