Պատվաստանյութի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանը երկուսի մասով էլ գործողություններ է իրականացնում:
«Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինի, ռուսական «աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում, ինչպես նաև ճապոնական և ռուսական «ֆավիպիվավիրի» բնակցություններ ենք տանում: Ճապոնիայից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»,- ասաց Թորոսյանը։
Խոսելով պատվաստանյութի մասին՝ Թորոսյանը նշեց, որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ:
«Փոխզիջումային մի իրավիճակ կա, և հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը: «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտներից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութերը: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Նաև ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ՝ շատ երկրներ, գնելով դեռևս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրներին դա հասանելի չի լինելու: Մրցավազքի նման մի բան կա»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ որոշել են առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ արտադրողների հետ, որոնցից մեկի մասին խոսեց, ինչպես նաև հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ և հավասար բաշխել:
«Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների»,- ընդգծեց Թորոսյանը: