«Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կաճի: Կանխատեսում ենք, որ 1-2 շաբաթների ընթացքում, մեր հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր պետական լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3000-ի, և մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած՝ հնարավոր է՝ ունենանք մինչև 4 հազար թեստ»: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ թեստավորումն ընդամենը միջոց է վարակակիրներին հայտնաբերելու, որն ունի երկու նպատակ՝ թեթև պացիենտներին մեկուսացնելու և բուժելու:
«Բուժման առումով կրող եմ ասել, որ բոլոր բուժման կարիք ունեցողներին բուժում ենք, բայց խնդիր ունենք ասիմպտոմ դեպքերը հայտնաբերելու հարցում, և այստեղ թեստավորման ավելացումը կօգնի դրան: Մենք երբ սկզբում 200-300 թեստ էինք անում, դա համարում էինք ահռելի թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ մոտ ապագայում բացելու են 4 նոր լաբորատորիա՝ երկուսը Երևանում, մեկական՝ Իջևանում և Մարտունիում:
Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ չի եղել օր, որ իրենք թեստ չունենան, բայց եղել են դեպքեր, երբ չի եղել թեստավորման անհրաժեշտ փայտիկը, քանի որ աշխարհում նույնիսկ փայտիկի դեֆիցիտ է եղել։
Նախարարը տեղեկացրեց, որ այս ընթացքում 80 հազար թեստ են գնել, ևս 60 հազարը նվեր են ստացել, և ևս 100 հազար թեստ արդեն արտադրվել է հենց Հայաստանում: