Ամերիկացի և իսպանացի ժողովրդագրագետները երկու տասնյակ երկրների մոտ 13 500 բնակչի շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու վերաբերյալ հարցումներ են անցկացրել և պարզել, որ հարցվածների ավելի քան 70%-ը պատրաստ է կամավոր պատվաստվել․ հարցման արդյունքները հրապարակել է medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանը։
«Մեր հարցումը ցույց է տալիս, որ մոլորակի ոչ բոլոր բնակիչներն են պատրաստ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն։ Դա անհանգստացնող միտում է, որը ցույց է տալիս, որ համավարակի բոլոր հետևանքների ամբողջական վերացումն աշխարհի մի շարք երկրներին բնորոշ պատվաստումների ոչ հավասարաչափ մակարդակի հետևանքով կարող է ձգձգվել»,- նշել են հետազոտողները։
Նշվում է, որ աշխարհի տարբեր երկրներում պատվաստվելու պատրաստակամություն հայտնած մարդկանց ցուցանիշը տարբեր է։ Այսպես. նշվում է, որ Չինաստանի, Բրազիլիայի և Հարավային Կորեայի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է պատվաստմանը, այն դեպքում, երբ Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում 60 տոկոսից պակասն է դրական պատասխան տվել։
ՌԴ-ում, որտեղ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են գրանցել, մարդկանց ընդամենը 55 տոկոսն է կողմ պատվաստվելուն։