Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրում ունենք։ Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք. այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարակի դեպքերի թվի աճը, վարչապետի պարզաբանմամբ, կապված է քաղաքացիների շարժի ակտիվաացման հետ։
Փաշինյանի խոսքով՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ և շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունից։
«Իհարկե, վարչական տույժերը նաև շատ խստորեն պետք է կիրառել։ Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել։ Հուլիսին մենք ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են նախկին բնականոն աշխատանքներին։ Բայց ցանկացած պահի պատրաստ են վերադառնալ կորանվիրուսի սպասարկամանը»,- նշեց Փաշինյանը։