Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված:
«Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` որևէ գործողություն չիրականացնել»,- գրել է ԱՆ ֆեյսբուքյան էջը և շարունակել․
«Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների»: