Ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը երեկ էր վերադարձել Արցախից։ Նա ևս նշեց, որ Ստեփանակերտը լրիվորեն գտնվում է հրետակոծության տակ, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը։ Նախարարի խոսքով՝ ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի և Հայաստանի բժշկական համայնքը չի կարողանում սպասարկել օգնության կարիք ունեցող մարդկանց, քանի որ հիվանդանոցներ տանող ճանապարհները ևս գտնվում են հրետակոծության տակ։ Թորոսյանը չբացառեց, որ կարող են հարվածի տակ հայտնվել նաև հիվանդանոցները, սակայն, այն հարցին, թե նման դեպքում արդյոք դրանք ապահովված են ապաստարաններով, նախարարը նշեց, որ այս առնչությամբ փակագծեր չի կարող բացել։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ողջ բժշկական հանրույթը մոբիլիզացված է և անում է հնարավորը՝ պատշաճ օգնություն ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Ի դեպ, Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով կգործարկվի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավորի վիճակը, գտնվելու վայրը։ Իսկ ներկայում ի սկզբանե ճանաչված վիրավորները հիվանդանոցներից կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ, շատ հազվադեպ է լինում, որ վիրավորի մոտ լինում ճանաչման խնդիր, նման դեպքում կիրառվում են այլ տարբերակներ։