Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
«Նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան։ Բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։ Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երևան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում՝ վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Բեռնափոխադրումը և առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք»,- հայտնում են հիմնադրամից։