ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ կորոնավիրուսի դեպքերի աճը պայմանավորված է ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով։
Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ առողջապահական համակարգն այս պահին լիովին վերահսկում է համաճարակային իրավիճակը։
«Կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժօգնությամբ այս պահին ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, այսօր կամ վաղը ևս երկուսը կմիանան, իսկ այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնություն ստանում են տնային պայմաններում»,- մանրամասնեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Նա նաև հավաստիացրեց, որ բուժանձնակազմի ներուժի խնդիր այս պահին, առնվազն, չկա:
Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են, որպեսզի վիրավոր զինծառայողները հիվանդանոցներում չվարակվեն կորոնավիրուսով:
Զեյնալյանը միևնույն ժամանակ բնակչությանը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա զբաղվել ռազմական դրությամբ պայմանավորված իր առջև դրված խնդիրներով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքերի թիվն օր օրի ավելանում է։ Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: