Ամեն 12 կորոնավիրուսային հիվանդից 1-ն է հոսպիտալացվում` ծայրահեղ ծանր վիճակում, որովհետև այսօր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը հիմնականում երկու մասի է բաժանված։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը։
«Մի մասը վիրավոր զինվորներին օգնություն ցույց տալու համար, մյուս մասը Covid-19 դրականների և այդ ծանր վիճակում գտնվողների բուժման համար: Այսինքն առողջապահական ամբողջ համակարգը 2 ճակատով է պայքարում, 2 թշնամու դեմ»,- մանրամասնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք:
Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է: