Հայաստանը շուտով ձեռք կբերի մոտ 50 հազար հակագենային թեստ։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ հակագենային թեստերի ներմուծման արդյունքում հնարավոր է թեստերի գինը նվազի։ Հակագենային թեստերն անվճար կարվեն։
«Դրանքավելի արագ թեստեր են, սակայն, քսուքը, ինչպես ՊՇՌ թեստի դեպքում, վերցվում է քթըմպանից։ Այդ թեստերը կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և թե՛ մարդիկ, թե՛ բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել, աշխարհում այդ միտումն է հիմա։ Կորոնավիրուսի ՊՇՌ թեստերից աշխարհն անցնում է հակագենային թեստերի», – հավելեց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը թեստերի գների հարցով լիազորություն չունի, սակայն, աշխատում է ՏՄՊՊՀ-ի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք գինը բարձր է։
Առողջապահության նախարարաը հավաստիացրեց, որ 15 հազար դրամը թեստի իրական արժեքն է։
Թորոսյանը նաև նկատեց, որ մինչ օրս իրականացված 441 հազար 174 թեստի առյուծի բաժինը իրականացվել է անվճար՝ պետական բյուջեի հաշվին: