Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը: Առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում արդեն իսկ առկա է հիվանդանոցների մահճակալային ֆոնդի անբավարարություն, և այդ միտումները շարունակվելու դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռիսկի խմբի անձանց, նույնիսկ հիվանդության ծանր և կյանքին սպառնացող դեպքերում, հնարավոր չի լինի հոսպիտալացնել և համարժեք բուժում տրամադրել, որը, ցավոք, կնպաստի մահվան դեպքերի աճին: Այս մասին հայտնել է ԱՆ-ը։
Եթե հանրության շրջանում կորոնավիրուսային հիվանդության առումով կան որոշակի մտահոգություններ, թե ինչպես խուսափել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդությունը, ապա այս իրավիճակում սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ վերջինիս կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:
Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի, սակայն սույն թվականի նոյեմբերի վերջին, եթե ռիսկի խմբերի անձինք հրաժարվեն իրենց համար նախատեսված պատվաստումից։