ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։
Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։
ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․
․ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։
․Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ ախտահանման հնարավորություն, օճառ,
3) «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ փակվող աղբամաններ,
4) հեռահար ջերմաչափ։
․ Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ եւ այլն։ Ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար կամ բացօթյա կամ այլ տարածքներում։
․ Հաստատություն հաճախողների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխով (օրինակ՝ սահմանել սովորողների գալու և գնալու ժամային միջակայք)՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:
․ Երեխային ուղեկցողը մուտք չի գործում հաստատություն: Մտնելիս և աշխատանքային օրվա կեսին սովորողներն ու աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են գրանցման մատյանում, COVID-19-ին բնորոշ ախտանիշեր ունեցողները մուտք չեն գործում հաստատություն:
․ Մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են ձեռքերի ախտահանման միջոցներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
․Կրթությունը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 16 սովորողի թվով և ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը:
․ Մարզասրահում, պարասրահում պարապմունքների ընթացքում պետք է ապահովել ամեն անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ պետք է խումբը բաժանել մասերի՝ տարածության պահպանման հնարավորություն ստեղծելով:
․ Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և ամեն օրվա ավարտին ընդհանուր մաքրվում և ախտահանվում է հաստատության ողջ տարածքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ վերաբացված դպրոցներում առկա ուսուցում կազմակերպված է միայն տարրական դասարաններում։ Իսկ միջին ու բարձր դասարաններում սովորողները հեռավար են ուսուցվում։