Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե’ անհատական, թե’ սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:
Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:
Հիշեցնենք, որ երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք: