Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը մասնակցել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։ Այս մասին հայտնել է ԱՆ պաշտոնական էջը:
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժոնաթան Լաքոտին, քանի որ մենք նրա հետ մշտապես սերտ համագործակցության մեջ ենք, սկսած կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարից, երբ Ֆրանսիայից բժիշկներ էին ժամանում հայ գործընկերներին աջակցելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն, հաշվի առնելով մեր երկրների միջև երկար տարիներ շարունակ գոյություն ունեցող բարեկամությունը», – ընդգծել է Արսեն Թորոսյանը։
Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են փաստաթուղթ, որը հաստատում է, որ Ֆրանսիան Հայաստանին է նվիրաբերել 5 տոննա տարողությամբ 1 շարժական բուժական կայան՝ 500 պացիենտի բուժելու հնարավորությամբ, 5 գեներատորներից, 5 էքստրակտորներից, 25000 ձեռնոցներից, 900 արտահագուստից և 10000 FFP2 դիմակներից բաղկացած COVID-ի 1 խմբաքանակ, ինչպես նաև 2500 հիգիենայի հավաքածու։
Հիշեցնենք, որ սա Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է, որը նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը: Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։