Հայաստանում կարանտինը երբևիցե համաճարակաբանական նշանակություն չի ունեցել և հիմա էլ չունի: Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կարանտինը երկարաձգելու նախագծին՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
«Չգիտեմ՝ կարանտինը երկարաձգելու որոշման նախագիծն ինչի՞ հիման վրա է: Երևի ուրիշ երկրների՞ն են նայում: Բայց ուրիշ երկրներում այլ իրավիճակ է: Այլ երկրներում ժամանակին զսպել են տարածումը, մեզ մոտ երևիցե չեն զսպել: Բացի այդ, մենք երբևիցե հետազոտություն չենք իրականացրել՝ հասկանալու, թե մեր բնակչության մեջ որքան մարդ դեռ չի վարակվել և այդ իմաստով կարող է համաճարակի զարգացման ներուժ հանդիսանալ: Այս առումով ռեալ պատկերացնում չկա: Կարող է Արսեն Թորոսյանն ինչ-որ բա՞ն գիտի՝ չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, տարածվածության մասին հրապարակված որևէ հետազոտություն չկա: Համոզված եմ՝ նման հետազոտություն չի իրականացվել: Դրա համար մի քիչ լուրջ աշխատանք է պահանջվում»,-ասաց համաճարակաբանը:
Նա շեշտեց, որ նման պայմաններում ամեն ինչ կանխագուշակումների տրամաբանության մեջ է, այդ թվում՝ վեց ամսով կարանտինը երկարաձգելու որոշումը. «Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ ոչ մի սահմանափակում չես կիրառում, ոչ մի գործողություն չի արվում: Հիմա անգամ դիմակի հետևից չեն ընկնում: Դրա համար կարանտինը երկարաձգելու իմաստը պետք է այլ տեղում փնտրել»:
Անդրադառնալով կարանտինը երկարաձգելու այն հիմնավորմանը, ըստ որի՝ սա արվում է, որ մարդիկ զգոնությունը չկորցնեն՝ մեր զրուցակիցը նկատեց. «Մարդկանց զգոնությունը կախված է իրեն աշխատանքից (Առողջապահության նախարարության- խմբ.): Եթե մարդիկ տեսնում են, որ իրենք ոչինչ չեն անում, մարդկանց զգոնությունը չի կարող բարձր լինել: Մարդիկ ինչպես ապրում էին, այդպես էլ ապրելու են, ավելին՝ հիմա ավելի մեծ հոգսեր կան: Երկրորդ, ինչպես տեսնում եմ, երևի, բնակչության կեսն արդեն վարակվել է: Իրականում պետք է հետազոտություն անել ու հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել»:
Ինչ վերաբերում է վարակի երրորդ ալիքի հավանականությանը՝ Է. Հովհաննիսյանը նշեց. «Ինչպե՞ս կարելի է խոսել երրորդ ալիքի կամ որևէ ակտիվացման մասին, եթե հայտնի չէ, թե Հայաստանում որքան մարդ դեռ չի վարակվել կորոնավիրուսով: Ալիքը հենց մեծ քանակությամբ մարդկանց միաժամանակ ընդգրկումն է համաճարակի մեջ»:
Անդրադառնալով վերջին շրջանում վարակի տարածման տեմպին, երբ օրական շուրջ 200-300 դեպք է արձանագրվում, Է. Հովհաննիսյանը նշեց. «Թվերը չեմ մեկնաբանել ո՛չ այն պահին, երբ օրական 2500 էր արձանագրվում, ո՛չ հիմա: Հնարավոր չէ մեկնաբանել, եթե չգիտես, թե ռեալ որքան մարդ է հետազոտվում, ում են հետազոտում, ինչ կոնտինգենտ է և այլն: Ամեն դեպքում, պարզ է, որ այսօր նվազում կա, որովհետև բավականին շատ մարդ է արդեն վարակվել և անհնար էր նույն տեմպով առաջ շարժվել: Տրամաբանական է, որ պետք է նվազում լիներ: Հիմա այդ նվազումն իրապես նվազում էր, թե նոր աճ կլինի, այս պահին հնարավոր չէ ասել»:
Հիշեցնենք, որ կարանտինը կրկին երկարաձգելու նածագիծն Առողջապահության նախարարությունն արդեն ուղարկել է Կառավարություն: Նշենք նաև, որ 2020թ. սեպտեմբերին 4-ամսյա կարանտին էր սահմանվել, որն ուժի մեջ է մինչև սույն թվականի հունվարի 11-ը։