Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Armenia Today գործակալության հարցին։
Ի պատասխան Armenia Today-ի հարցին, թե կկազմակերպվեն արդյո՞ք հայկական օպերաների և թատերական ներկայացումների առցանց դիտումներ, ինչպես որ դա արվում է աշխարհի հռչակավոր օպերաների դեպքում, նախարարը նշել է, որ անցած օրերին համերգներ և ներկայացումներ հեռարձակվել են և մշակութային ՊՈԱԿ-ները շարունակում են այս պրակտիկան։ «Դրանք տասնյակ հազար դիտումների են հասել, պահանջարկը կա, և ՊՈԱԿ-ներն էլ պատրաստակամ են։ Այսօր «Տիկնիկային» թատրոնում Ռուբեն Բաբայանը նշեց, որ իրենք պատրաստ են իրենց լավագույն ներկայացումների և բեմադրությունների հեռուստատարբերակները հեռարձակել իրենց սոցիալական կայքերի էջերում»,-նշեց նախարարը։
Հարությունյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասընթացների՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար դժվարամատչելի լինելու հարցին: Հարությունյանն ասաց, որ առաջացած խնդիրներն արձանագրվում են, գույքագրում են իրականացնում և հընթացս լուծում դրանք. «Մենք ամենևին պատրանք չունենք, որ 100% ներգրավվածություն ենք ունենալու հեռավար կրթությամբ, բայց կարծում եմ, որ այն ջանքերը, որոնք գործադրվում են, թույլ են տալիս պնդելու, որ բավականին լավ արդյունք ենք ունենալու»։