Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Այս մասին հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, նշվում է ԱԳՆ կայքում։
Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ:
«Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»,-նշել է նա։
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Ադրբեջանի կողմից մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները: