ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին-առանձին և համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով տարածաշրջանում հանրային առողջապահությանն առնչվող իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումներից հետո ԵԱՀԿ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի պահպանման և առաջխաղացման կարևորությունը:
Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական ալիքները՝ էսկալացիայից խուսափելու համար: Վերհիշելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նկատել են, որ վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությանը որևէ ռազմական լուծում չկա: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիթորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները դա թույլ տան:
Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին: