Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Այս մասին Armenia Today-ին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
«Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։
Նշենք, որ նախօրեին՝ կեսօրից հետո, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի հատվածում խիստ լարվել է իրավիճակը։ Ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում հակառակորդը կորցրել 4 զինծառայող։ Հայկական կողմը զոհեր չունի։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Չինարի բնակավայրի որոշ բնակելի տներ։