ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս շաբաթ հատկապես ակտիվ էր ՀՀ-ի արտաքին քաղաքական ճակատը, ինչը մեծապես կապված էր տարածաշրջանային մի շարք զարգացումներ հետ։
Նախիջևանում հուլիսի 29-ին մեկնարկեցին և, ըստ նախատեսված պլանի, մինչև օգոստոսի 10-ը կընթանան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ զորավարժությունները պլանային բնույթ են կրում։ Հայկական փորձագիտական շրջանակները էլ նշում են, որ այս զորավարժությունները ավելի մեծ վտանգ են պարունակում ներկայումս, քան սովորական պայմաններում։
Հարթ չանցան նաև հայտարարությունները Հայաստանի արևմտյան հարևանի հետ։ Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ, իր հերթին արձագանքեց նախագահ Արմեն Սարգսյանը։
Հայտարարություններից զատ որոշում կայացվեց, ըստ որի՝ ՀՀ-ն այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։
Ադրբեջանի նախագահի օգնականը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ ադրբեջանա-հայկական սահմանին լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից։
Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլեւ անհրաժեշտության դեպքում ազատագրել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները, նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Լուրջ արձագանքներ եղան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցի հետ կապված։ «Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը։ Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր պահ է», նշել է Փաշինյանը։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայցև չի բացառել, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Հարցազրույցով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը սուր քննադատության ենթարկեց ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններում՝ արտաքին-քաղաքական, սոցիալ-տնտեսական և անգամ մշակութա-քաղաքակրթական ներկա դիրքավորումը։
ԲՀԿ-ի ներսում հակասությունները սրվեցին նախկին կուսակցական Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունը լքելու որոշման հետ կապված։ Խմբակցության ներսում լրջորեն քննադատվեց նրա այն հայտարարությունը, թե իր դիրքորոշումները վերջին շրջանում լրջորեն հակասել են կուսակցակության վարած քաղաքական կուրսի հետ։
Կառավարության ներսում որոշակի կադրային տեղաշարժեր եղան։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար։ Վարչապետն էլ իսկական «կադրային ջարդ կատարեց» Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակում։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ լուրջ հասարակական հնչողությամբ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք հիմանականում առնչվում էին ԿԳՄՍ նախարարության գործունեությանը։
Այս շաբաթ ևս շարունակվեց բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների բողոքի ակցիան։ Վերջիններս հանդիպեցին նաև ԱԺ պատգամավորների հետ։ ԱԺ պատգամավորները նշեցին, որ հանդիպման նպատակն է լսել դիմորների ու նրանց ծնողների պահանջները՝ հանդիսանալու կամուրջ դիմորդների և կրթության նախարարության միջև։
ԿԳՄՍ նախարարն իր հերթին հայտարարեց, որ բուհեր ընդունվելու դժգոհությունը քաղաքական հնչեղություն է ստանում։
ԿԳՄՍ նախարարության շուրջ մյուս կարևոր զարգացումը կապված էր «Հայ գրականություն» և «Հայոց լեզու» առարկաների դպրոցական ծրագրերի հետ։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր խորը մտահոգությունը հայտնեց «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը շտապեց հանգստացնել բոլորին՝ նշելով, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հանրապետությունում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է։ Այս շաբաթ կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց նաև, որ եթե պահպանենք կանոնները, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով։
Նույն ճեպազրույցի ժամանակ պարետ Ավինյանը հայտարարեց, որ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։ Առողջապահության նախարարն էլ նշեց, որ ծրագրվում է գնալ մահճակալային ֆոնդի հետ ծավալման՝ պատրաստ լինելով ցանկացած շրջադարձի։
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ
Իշխանականները հայտարարեցին, որ պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի 50 տոկոսը, և ամբողջությամբ՝ հողի հարկը և գույքահարկը:
ՊԵԿ-ն էլ հայտարարեց, որ զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ իր հերթին ասել է, որ 2020 թ. հունիսին արձանագրվել է 1,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1,7%։
ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին այս շաբաթ հրավիրել էին ԱԱԾ։Ըստ Վանեցյանի պնդման՝ իրեն հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում, որի հետ կապված անգամ կարգավիճակ չունի, ուղղակի նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար։
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: Իսկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվեց։