Օգոստոսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի արդյունքների մասին՝ նշելով սակայն, որ այդ արշավը ընթացքի մեջ է և առայժմ վաղ է խոսել արդյունքների մասին։
«Արցախյան հակամարտության պարագայում հայ եւ ադրբեջանցի կանանցից է կախված, թե ինչ արդյունք կտա «Կանայք հանուն խաղաղության» արշավը։ Արշավի մասնակից կանայք պետք է քաղաքական որոշում կայացնողների նկատմամբ ազդեցություն ունենան, որպեսզի նրանք մի կողմ թողնեն ռազմական գործոնը եւ հարցի պատասխանը գտնեն խաղաղ ճանապարհով։
30 տարի է այս հակամարտությունը շարունակվում է՝ լոկալ պատերազմների պարբերական բռնկումներով։ Եվ երբեւէ չէր եղել, չէ՞, որ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների մի ստվար հատված մերժի պատերազմը։ Եվ առաջին անգամն է, որ դա տեղի է ունենում, եւ ես հույս ունեմ, որ այս արշավին կմիանան շատ կանայք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»,- ասել է Աննա Հակոբյանը և շեշտել, որ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ երկիր է Ադրբեջանը՝ հարյուրավոր քաղբանտարկյալներով, եւ դժվար է նման պայմաններում այնտեղից արձագանք ակնկալելը։