ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս շաբաթ ևս հանգիստ չէր ՀՀ-ի արտաքին քաղաքական շահերին անմիջականորեն առնչվող մերձավորարևելյան տարածաշրջանում։ Սակայն այն այս անգամ մարդածին գործոնով չէր պայմանավորված։
Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի 12-րդ հատվածում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ: Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվեցին նաև հայկական կենտրոնները և գործարար կետերը: Լիբանանյան պետական ղեկավարությունը կատարվածը համարեց «աղետ՝ բառի բուն իմաստով»։
Վերջին տվյալներով՝ նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազար մարդ, ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում։
ՀՀ պետական և հասարակական շրջանակներն անմիջապես իրենց զորակցությունը հայտնեցին Լիբանանի եղբայրական ժողովրդին։ Հայաստանյան և հայկական սփյուռքի մի շարք անհատներ և հիմնադրամներ պատրաստակամություն հայտնեցին նյութական և ֆինանսական օժանադակույթուն հատկացնել Բեյրութի հայկական կենտրոնների վերականգման համար։
Օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանվակայանից առաջին ինքնաթիռը մեկնեց Բեյրութ` օգնություն հասցնելու հուժկու պայթյունից տուժած քաղաքին: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել է նաև, որ այս օգնությունը կտրամադրվի Լիբանանին, իսկ հաջորդիվ հատուկ օգնություն կտրամադրվի Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների:
Մեկ այլ առիթով Սինանյանը տեղեկացրել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում 4 մարդատար ինքնաթիռ՝ մոտ 300 հայրենադարձներով, Լիբանանից եկել է Հայաստան։ Լայնորեն քննարկվեց Սինանյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որ ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլև Հայաստանը հայերի նման ազգերի համար հայրենիք դարձնելու մասին։
Արցախի մասով հետաքրքրական էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, որով նա կասկած է հայտնել այդ կառույցի ուժերով ԼՂ հակամարտության լուծման հնարավորությունների առումով՝ առաջարկելով ԼՂ-ն դնել ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Այս շաբաթ երկարատև լռությունից հետո կրկին քաղաքական դաշտ վերադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը հայտարարեց, որ սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսաուղերձները 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն էին հանրության հետ: «Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում՝ մեր երկրում վատթարանար իրավիճակը»,-հայտարարել է Սարգսյանը։
Հայաստանի երեք ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Հայրենիք»-ը բողոք են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ հատուկ քննչական ծառայության որոշման կապակցությամբ, որը հրաժարվել է քրեական գործ հարուցել Հայաստանում իշխանության յուրացման մասին նրանց դիմումի հիման վրա:
Ռուս լրագրող և մեդիամենեջեր, Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել նոր մեղադրանքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին. այս անգամ նա Հայաստանի կառավարության ղեկավարին մեղադրել է մանկուրտիզմի մեջ:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եթե մենք կարողանանք պահպանել այս իրավիճակը, մենք իրական շանս կունենանք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ այն մեզ համար հանրային առողջապահական խնդիր չլինի: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հայտարարել է, որ հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ բավականին ակտիվացավ հասարակական ոլորտի բնապահպանական հատվածը։
Կրքերը կրկին թեժացան Ամուլսարում։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ն նախաձեռնեց «Լիդիանի» տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակների հեռացումը տարածքից։ Դրան հետևեց Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների բողոքի ակցիան և նստացույցը։ Նրանք կրկին փակեցին դեպի հանք տանող ճանապարհը:
«Լիդիան Արմենիան» էլ խիստ մտահոգություն հայտնեց Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ հայտարարելով, որ օրենքից դուրս ոչ մեկի հետ չի բանակցելու։
Ամուլսարում ակցիաները դադարեցին միայն այն բանից հետո, երբ տարածքում լարվածության պատճառ դարձած վագոն-տնակներն տեղափոխվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականաշնորհված տարածք, հեռացվեցին նաև ակտիվիստների վագոն-տնակները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրակրթության պետական չափորոշիչների շուրջ առաջացած լայն քննարկումներին և արձանագրել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:
ԻՐԱՎԱԿԱՆ
Այս շաբաթ ևս մի շարք աղմակահարույց քրեական գործընթացներ տեղի ունեցան։
ՀՔԾ-ում ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նազարյանը օգոստոսի 6-ին ձերբակալվեց, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։
Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, այդ հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել։
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ»), որը մեղադրվում է 2008 թ.-ին կատարված ավազակային հարձակման գործով, տեղափոխվել է Հայաստան։
Հետախուզման մեջ գտնվող մեկ այլ նախկին պաշտոնյայի այդպես էլ չի հաջողվում տեղափոխել Հայաստան։ Մասնավորապես հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003 թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Դատախազությունում որոշում ընդունվեց քննել Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելով պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափությունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և Թորոսյանների ընտանիքին առնչվող «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը: