Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում։
Լավրովը նշել է, որ ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ համատեղ։
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենախոշոր խախտումն է: ՌԴ ԱԳ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարիների ընթացքում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետների և հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ինտենսիվ մարտեր են ընթացել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարության հետ։ Արդյունքում ռուսական ակտիվ միջնորդությամբ դուրս են եկել, թեև ոչ առաջին փորձից, հրադադարի ռեժիմի հուլիսի 16-ից», – ընդգծել է նա։