ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Շաբաթվա ամենաուշագրավ իրադարձություններից էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Սարգսյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո բավականին տևական ժամանակ չէր երևում ներքաղաքական ասպարեզում, առաջին անգամ ուղիղ կապի դուրս եկավ հանրության հետ։ Ասուլիսի թեման, սակայն, խիստ սպեցիֆիկ էր և վերաբերում էր Ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ պատերազմի հանգամանքներն ստուգող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը։
Ասուլիսի ընթացքում Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնցից արժանահիշատակ էին հետևյալները՝ «եթե ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա ՀՀ-ն ճանաչելու էր Ղարաբաղի անկախությունը», «որևէ կերպ չի կարելի Ապրիլյան պատերազմը և Տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել», «տարածքներ հանձնելու իմ մտադրության մասին խոսակցությունները սուտ են», «Ապրիլյանի ժամանակ, եթե հայկական կողմը օգտագործեր «Իսկանդերը», դա կլիներ թնդանոթից կրակ ճնճղուկների վրա» և այլն։ Սարգսյանը այդպես էլ Ապրիլյան պատերազմի թեմայից դուրս այլ հարցի չանդրադարձավ, այս անգամ ևս չպարզաբանված թողնելով իր՝ արդեն դասական դարձած այն արտահայտությունը, թե «ինքը սխալ էր, իսկ Նիկոլը՝ ճիշտ»։
Ասուլիսի առանձին հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որակումներին արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ խորհուրդ տալով Երրորդ նախագահին ծպտված շրջել փողոցներում և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ իր գործունեության, և’ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին։
Շաբաթվա ընթացքում լուրջ արձագանք գտավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի արցախյան այցը։ Ուշագրավ էր նրա հանդիպումը Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ, իսկ, ահա, նախագահ Արայիկ Հարությունյանին Վանեցյանը չհանդիպեց, իսկ պատճառն, ինչպես հետո պարզ դարձավ, այն էր, որ բացի ծանրաբեռնված օրակարգից, նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:
Հեռակա բանավեճ ծագեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի միջև: Կողմերը փորձում էին հասկանալ թե ո՞ւմ է պատկանում իշխանությունը Հայաստանում՝ «Սորոսին, իրա հորը կամ որևիցե մեկին», թե՞ ՀՀ քաղաքացուն։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այս շաբաթ կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված լուրջ հասարակական արձագանքների տեղիք տվեց ուսումնական հաստատություններ հաճախողների համար նախատեսված չափորոշիչները։ Այս չափորոշիչներն այնքան անհանգստացրեցին հասարակության մի մասին, որ «գործին» միջամտեց անգամ ՄԻՊ-ը։ Շատերին մասնավորապես հետաքրքրում է՝ արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին, ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը, ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները և այլն։ Այս հարցերի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հորդորեց չկորցնել զգոնությունը, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված կայունությունը հարաբերական է, և այդ կայունությունը ցանկացած իրավիճակում կարող է փոխվել ու դառնալ անկայունություն։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում։ «Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,-հայտարարել է նա։
Կիրակի Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկություններ է հաղորդել հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել Սիրիայում գտնվեղ հայկական հումանիտար առաքելություն իրականացնող զինվորականներին աջակցելու և կորոնավիրուսի դեմ պայքարում ռուս ռազմական բժիշկների օգնության համար։
Թուրքայում անգամ հայկական գերեզմանները չեն ապահով։ Անկարայի Սինջան շրջանի Յենիքենթ թաղամասի «Զիր հովիտ» կոչվող վայրում գտնվող նախկին հայաբնակ հայտնի Սթանոզ գյուղի գերեզմանատունը ևս մեկ անգամ ավերվել է գանձագողերի կողմից։ Սա խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական գերեզմանատների հարցը տեղափոխել է այդ երկրի խորհրդարանի օրակարգ։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Տնտեսության ոլորտում լավատեսական հայտարարությունների պակաս չգրանցվեց այս շաբաթ։ Մասնավորապես, պարզ դարձավ, որ «Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները», նախադրյաներ կան նաև «Հայաստանի բոլոր գյուղական համայնքները ժամանակակից դարձնելու համար»։
Վարչապետ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ տեղեկացրեց, որ 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն։
Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակվում են Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ ՀՀ ազգային հերոսների ցանկը նոր համալրում ունեցավ։ Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
ԿԳՄՍ-ից տեղեկացրեցին, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
Ամուլսարի պահապանները հայտարարեցին, որ սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։ Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները և հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասան Երևան և բողոքի ակցիա իրականացրեցին։
ԻՐԱՎԱԿԱՆ
Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Այս մասին հայտնեց Արդարադատության նախարարությունը։ Պարզ դարձավ նաև, որ ներկայումս քննարկվում է բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը։
Իրավաբան-փորձագետ Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավորի պաշտոնում դեռևս կառավարության թեկնածուն չէ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էլ հայտարարեց, որ դիմում է ներկայացվել ՍԴ՝ ստորագրված ԼՀԿ և ԲՀԿ անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից։ Հիմնախնդիրն այն է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը։