Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- գրել է Հարությունյանը։
1987թ.-ից ի վեր Արթուր Մկրտչյանը Հադրութում ակտիվորեն մասնակցել է ստորագրահավաքին՝ պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։
1988 թվականից նա Հադրութի շրջանի ազատագրական պայքարի առաջնորդներից է։ Նույն թվականին դարձել է Հադրութում ստեղծված ինքնապաշտպանության շտաբի անդամ։
1988 թվականի հունվարին պատվիրակության կազմում մեկնել էր Մոսկվա՝ ղարաբաղյան հարցը ԽՄԿԿ Կենտկոմ բարձրացնելու նպատակով։
1991թ. վերջին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1992թ.՝ Գերագույն խորհրդի նախագահ:
Մահացել է 1992թ. ապրիլի 14-ին:
Արթուր Մկրտչյանը 2001թ. մայիսին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։