Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ է՝ բացատրելով դա նրանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ՝ երկու պետություն են։ Այս մասին նա ասել է Anadolu-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով լրագրողի՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրման մասին հարցին։
«Ադրբեջանի թուրքը մեր հարազատ եղբայրն է։ Այդ պատճառով մենք մեկ ազգ՝ երկու պետություն ենք։ Դրանում թող ոչ ոք չկասկածի։ Այդ պատճառով էլ մենք, իհարկե, այստեղ կողմ ենք։ Իրավունքի կողմ ենք, օրենքի կողմ ենք, եղբոր և եղբայրության կողմ ենք»,- մասնավորապես ասել է Աքարը։
Հուլիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն էր արել՝ հայ-ադրեբջանական սահմանին սկսած մարտերի վերաբերյալ։ Թուրքիան նշել էր, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Ավելի ուշ Աքարն ասել էր, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Հակահայկական հայտարարություններն այսքանով չեն սահամանափակվել, տարբեր մակարդակներով Թուրքիան շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին։