Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ականատես ենք լինում սադրիչ գործողությունների: Բայց մեր փոխգործակցության և մեր զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ համատեղ շատ մեծ օրակարգ կա՝ սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից: «Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել Արցախում. տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, և մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի տնտեսական տրամադրությունը ոչ միայն վերադարձնենք նախահամավարակային շրջանին, այլև շատ ավելի բարձր նոտաներ հաղորդենք»,-նշել է վարչապետը։
Արցախի նախագահն իր հերթին ընդգծել է ՀՀ-ի հետ տնտեսական փոխգործակցության կարևորությունը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձել ամփոփել առանց անկման: Սա մեզ համար կլինի լուրջ հաջողություն, իսկ մյուս տարի կնախատեսենք երկնիշ աճի տեմպ` հիմքում ունենալով այն ծրագրերը, որոնք այսօր սկսել ենք կյանքի կոչել»,-նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նաև հավելել է, որ այդ ծրագրերն ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, լայնածավալ ճանապարհաշինությանը, ոռոգման համակարգերի կառուցմանը: Ի դեպ, արդեն ընթացքում է ամենախոշոր` ոռոգման համակարգերի արդիականացման ու զարգացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մեկուկես տարում: «Այս փուլում նախատեսում ենք 35 հազար հեկտար ոռոգելու հնարավորություն, ինչը ոչ միայն տնտեսական ցուցանիշներն է կարգավորելու, այլ նաև, ինչպես քննարկել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, մեր ընդհանուր հայրենիքի պարենային անվտանգության խնդիրներն է լուծելու»,-ընդգծել է Արցախի նախագահը։