Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ պաշտոնական կայքը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով:
Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանաձնարարակններ:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և, ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղություններն ընդգրկող համալիր գործընթացները այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները: