ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ թեմայի ակումուլյացիան այս շաբաթ ևս շարունակվեց։ Նրա հրաժարականը պահանջողների շարքին ավելացավ նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը մտադիր է սեպտեմբերի 16-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստում պահանջել նախարարի հրաժականը: Իշխանականները, սակայն, անդրդվելի են։ «Արայիկ Հարությունյանը ներկայումս վայելում է իշխող «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետի աջակցությունը»,- հայտարարեց «իմքայլական» Տիգրան Ուլիխանյանը:
Այս կարծիքը, սակայն, ինչպես պարզվեց, չէր կիսում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը, ով Facebook-յան հանրագրի միջոցով տեղեկացրեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ են հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Իշխող ուժի նկատմամբ քննադատական հայտարարություններով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Այսօր, բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել, կարո՞ղ եմ իմանալ. ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ»,- Տավուշում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ծառուկյանը: Նա նկատեց, որ ուսման վարձը, հարկերը, գույքահարկը ավելացրել են:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանն այս շաբաթ դուրս եկավ շուրջ կես տարի տևած արտակարգ դրության ռեժիմից և անմիջապես մտավ կարանտինային ռեժիմի մեջ։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թ. սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից մինչև 2021 թ. հունվարի 11-ը ներառյալ սահմանվեց կարանտին: Որոշումը հիմնավորվեց նրանով, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հաշվի է առնեվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին։
Սակայն կատարված փոփոխությունը կարծես թե էական տեղաշարժեր չի ենթադրի մեր կյանքում։
Ոստիկանությունից էլ հայտնել են, որ սեպտեմբերի 15-ից կսկսեն ուժեղացված ռեժիմով ծառայություն՝ կապված ուսումնական հաստատություններում դասապրոցեսների վերսկսման հետ։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ ևս բողոքի ակցիաների պակաս չզգացվեց։ Առաջնագծում դարձյալ Ռուսաստան մեկնել ցանկացողներն էին, ովքեր շարունակում են պահանջել ՀՀ կառավարությունից, որպեսզի հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում:
Իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, ովքեր ևս հավաքվել էին կառավարության դիմաց: Նրանք պահանջում են մեկ տարով հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը։ Սակայն,կարծես թե, բողոքավորները պետական պաշտոնյաների հետ հայտարարի այդպես էլ չկարողացան գալ, չնայած որ ՊԵԿ-ը մի շարք պարզաբանումներով ու հայտարարություններով հանդես եկավ։
Նորածինների հայրերը ևս արձակուրդ գնալու հնարավորություն կունենան։ «Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ՝ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- նշել են օրենքի նախագծի հեղինակները։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը անընդունելի է համարել Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ «Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- նշել է Մայիլյանը։
Հայտնի դարձավ, որ օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից։
ԻՐԱՎԱԿԱՆ
Այս շաբաթ դատաիրավական գործընթացների պակաս չզգացվեց։ Մեղադրանքներ առաջադրվեցին ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի, Գուրգեն Արսենյանի որդու, Ապարան համայնքի ղեկավարի, ԱԱԾ պետական պահպանության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ։
ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի հետ կապվաղ հարուցված քրեական գործը, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին և ևս երեք զինծառայողներ, ՀՀ քննչական կոմիտեից հանձնվեց Հատուկ քննչական ծառայություն:
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվեց։