Սեպտեմբերի 14-ին խորհրդակցություն է անցկացվել Փարիզում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:
Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահներին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:
Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և նախարարներին առաջիկա շաբաթների ընթացքում հրավիրել անհատական հանդիպումների՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման ակնկալիքով:
Համանախագահները շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածություն դրսևորել՝ հանուն խաղաղության և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններում: