Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը միակ միջազգային փասատթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին քաղաքագետների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այդ սկզբունքների մասին հարցին:
Քոչարյանի խոսքով՝ այդ սկզբունքների վրա հիմնված է ԼՂՀ գոյությունը. դրա վրա է կառուցվել Ղարաբաղի Անկախության հռչակագիրը, որն ամբողջությամբ արտացոլում է ինքնորոշման իրավունքը:
«Դա կարևոր է նրանով, որ Ղարաբաղի անկախության իրավական հիմքերն անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա էր հիմնված: Երբ բանակցային գործընթացը փակուղի էր մտնում, ես առաջարկում էի հարցը քննարկել իրավական հարթության մեջ: Չէին ուզում, որովհետև այդ դեպքում բանակցության թեման էր վերանում: Սա մեր ամենաուժեղ դիրքն է, և չի կարելի անել որևէ քայլ, որը կարող է թուլացնել այդ դիրքը»,- ասել է ՀՀ նախկին նախագահը:
Իրավական տարբերակի դեպքում արդեն, ըստ նրա, հարցի լուծումը տեղափոխվելու է դատարան, միջնորդները պետք է ոչ թե դիվանագետներ, այլ միջազգային իրավունքի մասնագետներ լինեն:
Քոչարյանը նաև դիմել է անվտանգությունն առաջնահերթություն հռչակած Արցախի իշխանություններին. «Քո Անկախության հռչակագիրն անվտանգության մասին չէ, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է: Ոնց որ շենքում նստած հիմքը քանդես: Չի կարելի այդպիսի բաներ անել: Երկարատև առումով սա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին»:
Անդրադառնալով ազատագրված տարածքներին՝ Քոչարյանը նշել է, որ այս առումով բանակցային գործընթացում երկընտրանքի առջև են կանգնել: «Եթե դու հայտարարում ես, որ վերջ՝ սա Ղարաբաղի մաս է և մենք այս թեման չենք քննարկում, էլ ի՞նչ բանակցենք. թեմա չկա: Ուրեմն՝ բանակցությունները պետք է կանգնեն և կողմերը պատերազմեն»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ ավելացնելով, որ դա մեծ ռիսկայնություն ունի կողմերի համար և պետության ներկայացուցիչների համար դժվար է այդպիսի որոշում կայացնելը:
«Այդ տարածքները մեր անվտանգության անբաժանելի մասն են: Այն ժամանակ այդ գիծը գծվում էր առաջին հերթին անվտանգության հարցերը լուծելու համար: Այն ժամանակ չէր գծվում պապենական հողերի մասին, արդիականը անվտանգությունն էր»,- նշել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ազատագրված տարածքների վերադարձի դեպքում 6-8 անգամ ավել շփման գիծ է լինելու՝ շատ ավելի բարդ աշխարհագրակական ռելիեֆով։ Եվ նույն անվտանգությունը ապահովելու համար այդ նոր շփման գծով բանակը 3-4 անգամ պետք է մեծացնել։
«Սա ոչ թե բարդ կամ դժվար է, սա անհնար է։ Մենք այդքան մարդ չունենք։ Չի կարող Հայաստանը 200 հազարանոց բանակ պահել՝ 3 մլն կամ ավելի քիչ բնակչություն ունենալով։ Եվ միանշանակ կարող եմ ասել՝ առանց այդ տարածքների սեփական ուժերով Հայաստանի, Ղարաբաղի անվտանգությունը հնարավոր չէ պատշաճ մակարդակի վրա պահել։ Եվ դիլեման այստեղ է։ Ուրեմն մեկնարկային կետը մեզ համար սա պետք է լինի»,- նշել է ՀՀ նախկին նախագահը։