Հայաստանի հանրապետության և Արցախի միջև գործակցության նոր լիցք է հաղորդվել, փոխվստահության էլ բարձր մակարդակ կա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը:
Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքներին»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում:
«Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ի՞նչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, սակայն, շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:
ՀՀ վարչապետի ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ է տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև մենք մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա:
«Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- շեշտել է Փաշինյանը։