Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության միջոցների մշակմանը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել Է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
«Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ ԵՄ- ն, ինչպես և նախկինում, պատրաստ է կողմերի միջև վստահության հաստատման միջոցներ ձեռնարկել», – ասված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ տվյալներով՝ եվրոպացի դիվանագետը նաև ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների անցկացման կարևորությունը՝ առանց որևէ նախապայմանի առաջադրման:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ վստահության միջոցների հաստատման համար «պետք է հասունանա պահը»: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքները», – ասել է նախարարը, որի խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է երկօրյա այցով։ Ուրբաթ օրը նա ղարաբաղյան կարգավորման հարցերը քննարկել Է նախագահ Իլհամ Ալիևի հետ։